11 ապրիլի 2003 - 20:26 AMT
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար նախօրեին Վաշինգտոնում ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչներին են միացել Կոնգրեսի ավելի քան 50 անդամներ: Ինչպես տեղեկացնում է Հայ դատի կոմիտեն, հայկական համայնքը ամեն տարի հավաքվում է Կապիտոլյան բլրի վրա` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ քննարկելու աշխարհի հայերին հուզող հիմնական հարցերը: Արարողությանը մասնակցել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը, հայ հոգեւորականության ներկայացուցիչներ: