20 փետրվարի 2012 - 12:16 AMT
Մարտի 10-ին մեկնարկում են դաշնակահար Հայկ Մելիքյանի գարնանային շրջագայությունները

Դաշնակահար Հայկ Մելիքյանը 2012 թ. մարտին սկսում է իր եվրոպական համերգային շրջագայությունը: Այն մեկնարկելու է մարտի 10-ին Փարիզում, ամերիկյան Columbia համալսարանի մասնաճյուղի հրավերով: Այդ օրը Reid Hall համերգասրահում Մելիքյանը ներկայացնելու է ժամանակակից երաժշտություն: Դաշնակահարի հաջորդ կանգառը լինելու է Շվեյցարիայի Ժնև քաղաքը, որտեղ մարտի 25-ին Concertus Saisonnus փառատոնի շրջանակում կայանալու է դաշնակահարի ռուսական երաժշտության ծրագրով մենահամերգը: Այն տեղի է ունենալու Բոդմեր թանգարանի համերգասրահում: Համերգն անցնելու է թանգարանի ռուս նկարիչների հատուկ ցուցահանդեսի փակման արարողության ժամանակ:

Մելիքյանը դասական երաժշտության երկու մենահամերգ կունենա Հոլանդիայում: Ապրիլի 8-ին նա ելույթ է ունենալու Ամստերդամի Geelvinck Music Festival-ում և ապրիլի 14-ին` Վոորշոտեն քաղաքի De Konzertkamer փառատոնի շրջանակում:

Ապրիլի 29-ին, հայ-շվեյցարական «Ավետիս» մշակութային ասոցիացիայի ղեկավար, երգչուհի Վարդուհի Խաչատրյանի հետ տեղի է ունենալու Ave Maria խորագրով համերգ: Այն կազմակերպվելու է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության օժանդակությամբ` Ժնևի Calvin համերգասրահում, և նվիրված է հայոց ցեղասպանության տերելիցին: Ապրիլի 21-ին Ave Maria ծրագիրը առիթ կունենան ունկնդրել նաև շվեյցարական Նոշատել քաղաքի երաժշտասերները: Այս համերգի ընթացքում եվրոպացիներն առաջին անգամ հնարավորություն կունենան ունկնդրելու Էդուարդ Սադոյանի «Նվիրում Արշիլ Գորկուն» սոնատը, որը նվիրված է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 28-ին մենակատարները ելույթ կունենան Ստրասբուրգի կոնսերվատորիայի դահլիճում` ներկայացնելով համաշխարհային դասականների ստեղծագործություններ: