20 փետրվարի 2012 - 15:14 AMT
Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը կարողացել է աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի ընտրությունների վրա

Ընդդիմադիր ՀԱԿ-ը կարողացել է միջազգային հանրության ուշադրությունը գրավել հայաստանյան ընտրությունների վրա, կարծում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, դրա շնորհիվ, ինչպես նաև ՀԱԿ գործողությունների, իշխանությունները զգուշանալու են ընտրատեղամասերում ընտրակեղծիքներ կատարելուց, ինչի վկայությունն են փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքապետի ընտրությունները:

Այս համատեքստում Զուրաբյանը նկատել է, որ անգամ կարևոր չէ այն, որ Եվրոպայից չեն ժամանելու 2 հազար դիտորդներ, որոնց ներկայությունը պահանջել է ՀԱԿ-ը, որպեսզի յուրաքանչյուր ընտրատեղամասում առավոտից երեկո լինի գոնե մեկ արտասահմանցի դիտորդ: Ընդ որում, նա ընդգծել է, որ 2 հազար դիտորդների ժամանման խնդիրը պատճառաբանվել է Եվրոպայում ծանր իրավիճակով:

Զուրաբյանը վերհիշել է նախկին ընտրությունները, հայտարարելով, որ որոշ եվրոպացի դիտորդներ ավելի շուտ «զբոսաշրջիկներ» էին, որոնք գերադասում էին իշխանությունների հետ ճաշելը իրենց աշխատանքն իրականացնելուց: Նա հավելել է, որ այդ դիտորդների հայտարարությունները, որ ընտրությունները նորմալ են անցել, հանգեցրեցին մարտի 1-ի դեպքերի:

2008թ փետրվարի 20-ից ընդդիմությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Երևանի կենտրոնում իրականացնում էր հանրահավաքներ` այդպիսով արտահայտելով ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությունը:

Բողոքի ակցիաները մարտի 1-2 վերածվեցին ցուցարարների և ոստիկանների միջև բախումների: Ըստ տվյալների, վիրավորվել է 200, զոհվել է 10, ձերբակալվել 100 մարդ: