20 փետրվարի 2012 - 15:18 AMT
Ցուցարարները վերադարձան Մաշտոցի այգի՝ քաղաքապետարանից պատասխան չստանալով

Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված ցուցարարներին հայտնեց, որ քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել ցուցարարների ներկայացրած 7 կետերից յուրաքանչյուրն առանձին-առանձին: «Քաղաքապետի իջնելուն մի սպասեք, քանի որ հիմա մասնագետների հետ քննարկում են ձեր բողոքի կետերը և նա հիմա ձեզ ընդառաջ չի գալու»,- նշեց նա:

Ակտիվիստներից Եղիա Ներսիսյանը նշեց, որ իրենք ընդունում են՝ կետերն ուսումնասիրման կարիք ունեն, բայց նաև պահանջում են անհապաղ դադարեցնել շինաարությունը մինչև այդ կետերի ուսումնասիրությունը:

«Շինարարության կասեցում չի լինելու, մինչև ցուցարարների ներկայացրած 7 կետերը չուսումնասիրվեն և կասեցման մասին որոշում չլինի», - քաղաքապետի դիրքորոշումը ցուցարարներին փոխանցեց փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը:

Լսելով դա՝ ցուցարարները որոշեցին հետ գնալ դեպի Մաշտոցի այգի՝ շարունակելու իրենց անժամկետ ցույցը: «Մենք շարժվում ենք դեպի Մաշտոցի պողոտա՝ Մաշտոցի պուրակ: Միահամուռ, առանց միմյանց հրմշտելու, մի մարդու նման վերադառնում ենք մեր այգի: Ինչքան մեր շարքերը կուռ լինեն, այդքան շուտ կլուծենք այս խնդիրը: Չենք ցրվում, միասին շարժվում ենք Մաշտոցի այգի ու այնտեղ շարունակենք մեր ցույցը...»,- հայտարարեցին ցուցարարները և «ամոթ-ամոթ» վանկարկելով հեռացան քաղաքապետարանի մոտից: