20 փետրվարի 2012 - 15:58 AMT
Ի՞նչ են «երազում» հասարակական տրանսպորտից օգտվողները

Հաշվի առնելով փաստը, որ տևական ժամանակ է, ինչ քաղաքային իշխանությունները չեն կարողանում կարգավորել քաղաքային տրանսպորտի բնականոն աշխատանքը` Երևանի տարբեր համայնքների մի խումբ բնակիչներ որոշել են բաց նամակով դիմել Երևան քաղաքում տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավարներին և երթուղի դուրս եկող վարորդներին:

«Հարգելի գծատերեր և վարորդներ, որպես ՀՀ քաղաքացիներ և պարզապես մարդիկ, ովքեր ամեն առավոտ իրենց նվաստացած են զգում ձեր կողմից մատուցված ծառայությունների պատճառով, խնդրում ենք պատշաճ մաքրություն ապահովել տրանսպորտային միջոցներում, վարորդներին սովորեցնել հարգել քաղաքացիներին, աշխատանքի վերցնել սափրված և կոկիկ վարորդների, որոնք նաև մեր քաղաքի դեմքն են զբոսաշրջիկների աչքերում, առավոտյան ժամերին դուրս գալ երթուղի այնպիսի հաճախականությամբ, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ձևով հասնել աշխատանքի կամ դասի և չծխել տրանսպորտում ու ամեն պահ գիտակցել, որ ուղևորներ փոխադրելը ձեր պարտականությունն ու ապրուստի միջոցն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հեղինակները ցավով նշում են, որ հերթական անգամ ստիպված են հույսները դնել լոկ հայրենասիրության և անհատի բարի կամքի վրա: