Թուրքիան հրաժարվել է ֆինանսավորել «Europa Race» ռեգատան` Ֆրանսիայի որոշման պատճառով

Թուրքիան հրաժարվել է ֆինանսավորել «Europa Race» ռեգատան` Ֆրանսիայի որոշման պատճառով

PanARMENIAN.Net - Թուրքիան հրաժարվել է ֆինանսավորել «Europa Race» ռեգատան` Ֆրանսիայի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով:

«Europa Race» ռեգատան, որը համարվում է ամենահեղիանկավորներից, պետք է սկսեր նավարկությունը մայիսի 5-ին Ստամբուլից: Վերջնակետը Ֆրանսիայի Լա Ռոշելն է, որտեղ ենթադրվում էր, որ պետք է ժամաներ նավը հունիսի 3-ին:

Ինչպես հայտնում է թուրքական «Hurriyet Daily News» պարբերականը, Թուրքիան հայտարարել է, որ չի պատրաստվում ֆինանսավորել նավարկությունը ` Ֆրանսիայի կայացրած որոշման պատճառով: «Սա քաղաքական հարց է և մենք ոչինչ անել չենք կարող»,-այս մասին լրագրին տված հարցազրույցում հայտարարել է Գայտան Գուրոն:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպասվում է, որ Խորհուրդը որոշում կընդունի մինչև մարտի 1-ը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---