Կայացավ լրագրողների նկատմամբ բռնությունների և ճնշումների մասին պատմող գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին «Ուրբաթ» ակումբում կայացավ «Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները և դատական գործերը 2010-2011 թթ. դեպքեր և վերլուծություններ» երկլեզու՝ հայերեն և անգլերեն, գրքի շնորհանդեսը: Այն հրատարկել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Այս հրատարակությունը 2008-2009 թթ. լույս ընծայված նույնանուն գրքի շարունակությունն է և ներկայացնում է Հայաստանում մամուլի և խոսքի ազատության վիճակը 2010-2011 թթ: Երկամյա մոնիտորինգի արդյունքում արձանագրվել են մամուլի զարգացման հիմնական խոչընդոտները՝ ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ, ֆինանսական ճնշումներ ԶԼՄ-ների նկատմամբ՝ զրպարտության և վիրավորանքի համար ներկայացվող դատական հայցերի միջոցով:

Գրքի առաջին բաժինը՝ «Լրագրողները և ԶԼՄ-ն դատարանում», ընդգրկում է հոդվածներ 2010-2011 թթ. դատավարությունների մասին, որոնցում լրագրողները հանդես են գալիս պատասխանողի կամ հայցվորի դերում:

Գրքի երկրորդ բաժինն ամփոփում է նույն ժամանակահատվածում լրագրողների դեմ բռնությունների դեպքերը և նախորդ տարիներին տեղի ունեցած բռնության դեպքերի բացահայտման հետ կապված զարգացումները:

Ամփոփելով վերջին երկու տարիներին լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերի քննության ընթացքը՝ լրագրողները և իրավաբանները եկել են այն եզրահանգման, որ դատարանները մտրակի քաղաքականություն որդեգրեցին լրատվամիջոցների նկատմամբ` իրենց կայացրած վճիռներով սահմանափակելով ազատ խոսքը Հայաստանում:

Լրատվամիջոցներին հարկադրեցին ընտրել ինքնագրաքննության ուղին, քանի որ փոխհատուցման գումարների բավարարվող չափերը իրական սպառնալիք դարձան լրատվամիջոցների գոյության համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---