21 փետրվարի 2012 - 12:46 AMT
Պարզվեց, որ Մոսկվայի մետրոյի «Չկալովսկայա» կայարանում հայտնաբերված կասկածելի ճամպրուկում նոութբուք էր

«Չկալովսկայա» կայարանի մուտքը, որը սահմանափակվել էր անտեր ճամպրուկի հայտնաբերման պատճառով, կրկին բաց է ուղևորների համար: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով մոսկովյան մետրոպոլիտենի մամլո ծառայությանը:

«Ոստիկանությունը հենց նոր բացեց կայարանի մուտքը: Մեր տվյալների համաձայն, այնտեղ ոչինչ չեն գտել»,- զրուցակցի խոսքն է մեջբերում գործակալությունը:

Դրա հետ մեկտեղ ՌԲԿ Daily-ն հաղորդում էր, որ շան արձագանքը ճամպրուկին ցույց է տվել, որ դրանում կարող են պայթուցիկ նյութեր լինել:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, պարզվել է, որ կասկածելի առարկան նոութբուք էր: Այն մոռացած կինը իր ճամպրուկի մասին հիշել է միայն «Բրատիսլավսկայա» կայարան հասնելուց հետո: