21 փետրվարի 2012 - 14:45 AMT
EURO-2012. Ագրեսիվ տրամադրված երկրպագուների համար մուտքը Ուկրաինա անհնար կլինի

Ուկրաինայում EURO-2012-ի տնօրեն, «EURO-2012 – Ուկրաինա» տեղական կազմկոմիտեի ղեկավար Մարկիյան Լուբկիվսկին նշել է, որ ՈՒԵՖԱ-ն գնահատում է Ուկրաինայում հիմնական ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման մեծ արագությանը:

«Սակայն կան մի քանի հարցեր, որոնք դեռ պետք է լուծել նախքան առաջնության մեկնարկը: Դա երկու մարզադաշտերի և չորս օդանավակայանների օպերացիոն բաղկացուցչի կարգավորումն է, առաջնության ժամանակ ընդհանուր անվտանգության և մարզադաշտերում անվտանգության հարցը»,- ասել է Լուբկիվսկին, հաղորդում է interfax.com.ua-ը:

Առաջնության տնօրենի խոսքով` խմբային փուլի բոլոր հանդիպումները գնահատվել են որպես ցածր ռիսկի հանդիպումներ. «Բոլոր ագրեսիվ տրամադրված երկրպագուների համար մուտքը Ուկրաինա անհնար կլինի դեռևս այն փուլում, երբ նրանք մեկնելու լինեն իրենց երկրից: Յուրաքանչյուր երկրում գործում են ազգային տեղեկատվական ֆուտբոլային կենտրոններ, և բոլոր այդ պոտենցիալ troublemaker-ները (խնդիր ստեղծողները) համապատասխան ցուցակներում են գտնվում, և նրանց կամ դուրս չեն թողնի երկրից, կամ էլ նրանց կառաջարկվի հանդիպման անցկացման օրը գալ ոստիկանական բաժանմունք և ցույց տալ, որ նրանք ոչ մի տեղ չեն մեկնել: Կարող են անգամ նման իրադրություններ լինել»:

Ուկրաինացիները մեծ քանակությամբ երկրպագուներ են ակնկալում այն երկրներից, որոնք մասնակցելու են մրցաշարին: «Մենք գոհ ենք տոմսերի վաճառքի դինամիկայից: Առավել ակտիվ գնորդներն են գերմանացիները, հոլանդացիները, ռուսները, լեհերը, ուկրաինացիները, շվեդերն ու դանիացիները: Դա չի նշանակում, որ մյուսները պակաս ակտիվ են, սակայն նշված երկրների ներկայացուցիչները տոմսերի պատվերների քանակով առաջատարն են: Ընդհանուր առմամբ մեզնից տոմս են ձեռք բերել 209 երկրներից ու տարածքներից: Մեր նպատակն է, որպեսզի մարզադաշտերը EURO-2012-ի ժամանակ լիքը լինեն: Եվ մենք կհասնենք այդ նպատակին: Մարզադաշտերը առաջնության ժամանակ ամբողջովին լցված կլինեն»,- հավելել է նա: