21 փետրվարի 2012 - 16:09 AMT
Ցուցարարները բացահայտո՞ւմ են ծպտյալ ոստիկաններին

Քիչ առաջ Մաշտոցի պուրակում վեճ էր ծավալվել բնապահպանների ու քաղաքացիական հագուստով մի երիտասարդի միջև: Վերջինս առավոտվանից նկարահանում է տեղի ունեցողը, և ցուցարարները որոշել էին պարզել նրա ինքնությունը: Արդյունքում վեճ էր բռնկվել, քանի որ նկարահանողը հրաժարվում էր ներկայանալ: Վեճին միջամտել են ոստիկանները՝ նշելով, թե յուրաքանչյուր ոք նկարահանելու իրավունք ունի: Սակայն դա բնապահպաններին չի գոհացրել, և ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել նկարահանողին իրենց հետ տանել, հեռացնել վեճի վայրից: Այսքանից հետո ցուցարարները վստահ են, որ նկարահանումներ կատարողը ծպտյալ ոստիկան է եղել:

Իսկ մինչ այդ այգու ցուցարարները ձողի վրա պաստառ էին ամրացրել, որի վրա գրում էին բոլոր այն հայտնի մարդկանց անունները, ովքեր միացել են այգու պահպանությանը՝ Արթուր Իսպիրյան, Մադլեն Մինասյան, Երվանդ Մանարյան, Վլադիմիր Բարխոյան, Վահրամ Սահակյան, DJ Վակցինա, Նվեր Մնացականյան, Հայկո, Հովո, Աշոտ Ադամյան, Տեր Կյուրեղ քահանա և այլն: Առայժմ ցուցակի մեջ 23 անուն է գրված: