Հանրապետության հայոց լեզվի մի շարք մանկավարժներ արժանացան ԱԺ պատվորգրերի

Հանրապետության հայոց լեզվի մի շարք մանկավարժներ արժանացան ԱԺ պատվորգրերի

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Երևանի և մարզերի դպրոցների հայոց լեզվի և գրականության մի խումբ ուսուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ, Մայրենի լեզվի օրվա առթիվ և հայոց լեզվի պահպանման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվեցին ԱԺ պատվոգրերով: Սամվել Նիկոյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգևատրեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանին և ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանին, ՀՀ ԱԺ պատվոգրով` հանդիպմանը ներկա ուսուցիչներին:

Շնորհավորելով մանկավարժներին` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ասել է. «Մայրենի լեզուն ու գրականությունն ուսուցանողներն այն արյունատար երակն են, որի միջով մեզ հասած մեր լեզուն շարունակում է իր հավերժական շրջանառությունը` երաշխավորելով ու ապահովելով հայ ժողովրդի երթն ապագայի տեսլականում: Պատմության շրջափուլերում նաև մայրենի լեզվի շնորհիվ ենք կարողացել պահպանել մեր կենսունակությունը` լեզվի դեմ ոտնձգությունն ընդունելով որպես ոտնձգություն մեր կյանքի ու հոգու դեմ, սպառնալիք ներկայի ու ապագայի հանդեպ, մեր ինքնության դեմ: Լեզվի շնորհիվ հաղթահարել ենք մեր ինքնահաստատման ճանապարհի անգամ անհաղթահարելի թվացող հատվածները: Հաղթահարել ենք դար դարի ետևից, որովհետև հայ զինվորից բացի ունեցել ենք և ունենք նաև հայ ուսուցիչ, ով իր գործով հնչյունն ու տառը դարձրել է ոչ պակաս զորավոր, քան զենքն է, և սովորեցրել դրանք գործածել: Ունեցել ենք և ունենք լեզվի ու բառի գիտնական մշակներ, ովքեր միշտ հիշեցրել են, որ լավ է կույր լինել աչքով, քան կույր` մտքով, որովհետև մտքով կույր ազգերի ապագան անհեռանկար ու մշուշոտ է»:

Հանդիպմանը ներկա էր և շնորհակալական խոսք ասաց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---