22 փետրվարի 2012 - 12:37 AMT
«Արմենիա Վայնը» Մոսկվայում արժանացել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալների

«Արմենիա Վայն» գինու գործարանը Մոսկվայում կայացած «Պրոդէքսպո 2012» միջազգային ցուցահանդեսից վերադարձել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալներով:

Փետրվարի 13-17-ը Մոսկվայում տեղի է ունեցել «Պրոդէքսպո 2012» միջազգային տնտեսական ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանի խոշորագույն գինեգործական ընկերություններից «Արմենիա Վայն» գինու գործարանը:

Արձանագրելով նշանակալի տնտեսական ցուցանիշներ հայաստանյան շուկայում՝ «Արմենիա Վայն» ընկերությունն անցած տարի սկսել է «Արմենիա» գինիների արտահանումն Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Մերձբալթյան երկրներ: Ընկերությունն այս տարի խնդիր է դրել ներկայացնել «Արմենիա» գինիների հարուստ տեսականին նաև Ռուսաստանի Դաշնությունում:

Ներկայանալով Մոսկվայում կայացած «Պրոդէքսպո 2012» միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում էին շուրջ երկու հազար ընկերություն Եվրոպայից, Ասիայից, Ամերիկայից, «Արմենիա Վայն» գինու գործարանն արժանացել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալի ու պատվոգրերի: Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը 2012թ-ի լավագույն արտադրանք միջազգային մրցույթի շրջանակներում ոսկե մեդալի է արժանացրել «Արմենիա» կարմիր կիսաքաղցր գինին: Եվս մեկ ոսկե մեդալ ընկերությունը ստացել է ալկոհոլային խմիչքների արտադրության լավագույն որակի համար: «Արմենիա» սպիտակ չոր գինին արժանացել է արծաթե մեդալի:

Ընկերությունից հայնում են, որ ցուցահանդեսում մեծ էր հետաքրքրությունը «Արմենիա» գինիների հանդեպ: Հայկական արտադրանքն աչքի էր ընկնում բարձրաճաշակությամբ, որակով և գնային առաջարկով: Ռուսաստանյան գործընկերները տպավորված էին «Արմենիա Վայն» գինու գործարանի ժամանակակից հզորություններով: «Արմենիա» գինիները Ռուսաստան ներկրելու հնարավորությունների շուրջ Ռուսաստանի խոշոր ընկերությունների հետ ներկայումս բանակցություններ են վարվում: