22 փետրվարի 2012 - 16:17 AMT
Գյուղնախարարը Սյունիքում ծանոթացել է ՀԲ ծրագրերի իրականացման ընթացքին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով Սյունիքում էր: Այցելության նպատակը Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության՚»ծրագրի շրջանակներում, մարզում իրականացվող «Համայնքային արոտավայրերի կառավարման» և «Անասնապահության զարգացման» ենթածրագրերի ընթացքին մոտիկից ծանոթանալն էր: Կոոպերատիվների անդամների հետ հանդիպմանը մասնակցում էր նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

«Ծրագիրը, որում այսօր ընդգրկվել են Սյունիքի մարզի ինը համայնքներ, ՀՀ նախագահի անմիջական հանձնարարությամբ և ՀԲ-ի աջակցությամբ իրականացվում է հանրապետության 6 մարզերի 55 համայնքներում և շարունակական բնույթ ունի», -հանդիպմանը նշեց գյուղատնտեսության նախարարը:

«Ծրագրի իրականացմամբ մարզում անասնագլխաքանակի և դրա հետ` մթերատվության ավելացման կտրուկ աճ կարձանագրվի: Եվ քանի որ Սյունիքը հիմնականում անասնապահական ուղղվածություն ունի, կոնկրետ արդյունքներ կգրացվեն հատկապես այս ճյուղում», - ասաց նա:

Գյուղոլորտում զուգահեռաբար իրականացնվող օժանդակման ծրագրերից նախարարը հիշատակեց նաև գյուղացիական տնտեսություններին հատկացվելիք 25 հազար տոննա ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի մասին, որոնք պետության սուբսիդավորման շնորհիվ, գյուղացին ձեռք կբերի շուկայականից ցածր գնով: ՙՔանի որ հանրապետության տեխնոպարկը հնացած է, ընթացիկ տարվա գերխնդիրներից է նաև գյուղտեխնիկայի ձեռքբերումը: Բարձրորակ տրակտորների, կոմբայնների, գյուղգործիքների ներկրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ, որոնք առաջիկայում կստանան դրական լուծումներ՚:

Նախարարը նշեց, որ ընթացքի մեջ են գյուղացու եկամուտների ավելացմանը նպատակաուղղված` զուտ պայմանագրային եղանակով մթերման, գյուղկենդանիների ութ հիվանդությունների կանխարգելման դեմ պատվաստման և իրացման նոր շուկաների ստեղծման խնդիրները, որոնք, նույնպես, հընթացս լուծում կստանան:

«Սերմնաբուծության զարգացման՚ ծրագիրը նույնպես շարունակական է լինելու, այս տարի էլ գյուղացիական տնտեսություններին տրամադրելու ենք էլիտային սերմացու: Անցած տարում ներկրված սերմացուի հաշվին մենք կարողացանք ապահովել 90 հազար տոննա ավելի հացահատիկի բերք` լրացուցիչ կատարելով 20 հազար հա աշնանացան: Այն նախապայման է` գյուղոլորտում ավելի մեծ արդյունքներ ունենալու համար», -ասաց Սերգո Կարապետյանը:

Ըստ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանի, ծրագիրը, որը նպատակաուղղված է աջակցելու բարձրլեռնային և սահմանամերձ անասնապահությամբ զբաղվող համայնքներին` միաժամանակ լուծելով հանրապետության հեռագնա արոտավայրերի նպատակային և լիարժեք օգտագործման հարցը, մեկնարկել է այս տարի: Ծրագրում ընդգրկված շուրջ 40 համայքներում արդեն ստեղծվել են ՙԱրոտօգտագործողների սպառողական կոպերատիվներ՚: ՙԸնդլայնելու համար այս տարի նախատեսել ենք ծրագրի ծավալի 60 տոկոսը իրականացնել: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերելՀԲ-ի հետ` ծրագրում ընդգրկված 55 համայնքների թիվը հասցնել100-ի», - ասաց նա:

Իր ելույթում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում սկսվել են աշխատանքներ իրականացվել մարզի յոթ համայնքում (Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ, Գորայք, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր), իսկ երկուսում (Տաթև, Ծղուկ)` արդեն հիմնադրվել և գործում են համայնքային կոոպերատիվներ:

Խնձորեսկ, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր համայնքները մասնավորապես նախատեսել են համատեղ իրականացնել իրենց վարչական տարածքներում գտնվող շուրջ 4500 հա հեռագնա և շուրջ 5000 հա գյուղամերձ արոտների ջրարբիացումը: