22 փետրվարի 2012 - 16:38 AMT
Զարգացման հայկական բանկը աճի ռազմավարական ուղին է բռնել

«Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն դեռևս 2011 թվականից ձեռնամուխ է եղել կայուն աճի ռազմավարության իրականացմանը: Այդ մասին փետրվարի 22-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է ԶՀԲ վարչության նախագահ Կարեն Սարգսյանը: «Այժմ մենք հանդես ենք գալիս որպես մի բանկ, որը հանդես է գալիս նոր դիրքավորմամբ և ձևավորում է բիզնես-մշակույթ և նոր որակի կորպորատիվ հարաբերություններ»,- հայտնել է նա:

Որպես այս ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը բանկն առանձնացրել է ինչպես հին, այնպես էլ նոր հաճախորդների հետ այնպիսի կորպորատիվ հարաբերությունների ձևավորումը, որոնք թույլ կտան ապահովել կայուն և համաչափ զարգացում: Այդ կապակցությամբ Կարեն Սարգսյանը հաղորդել է, որ բանկն առաջարկում է տարեկան մինչև 14% տոկոսադրույքով աննախադեպ դեպոզիտ: Ավելին, 14 բանկային պրոդուկտների, այդ թվում` դրամական փոխանցումների, քարտերի սպասարկումը հաճախորդների համար կլինի անվճար: Այդ առաջարկի մեջ մտնում է նաև արտոնյալ պայմաններում փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման ծառայությունը:

Այս կապակցությամբ ԶՀԲ վարչության նախագահը հավելել է, որ բանկի ծրագրերի մեջ մտնում է մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում: 2011 թվականին բանկը բացել է երեք նոր մասնաճյուղ` Գյումրիում, Վանաձորում և Արցախում:

Իսկ ինչ վերաբերում է բանկի կապիտալի ավելացմանը, Կարեն Սարգսյանն ասել է, որ դրա ներկայիս մակարդակը բանկին թույլ է տալիս լիարժեք կատարել ստանձնած պարտավորությունները, ընդ որում, նա չի բացառել 2013 թվականին արժեթղթեր թողարկելու հնարավորությունը: