22 փետրվարի 2012 - 17:28 AMT
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված ընթացք է տրվել հանցագործության մասին 7 հաղորդումների

2012թ. փետրվարի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի կողմից ընթացք է տրվել 7 հաղորդումների, որոնցից 4-ը` մամուլի հրապարակումների հիման վրա:

Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի սահմաններում, մի քաղաքացի փորձել է քվեարկել Հրազդան քաղաքում հաշվառված Բենիկ Մարգարյանի փոխարեն: Մասնավորապես՝ ներկայացրել է վերջինիս անվամբ անձնագիրը և ստացել քվեաթերթիկ, սակայն մինչ քվեախուց մտնելը տեղամասային ընտրական հանձնաժողովը պարզել է, որ տվյալ անձը Բ.Մարգարյանը չէ: Կեղծիքի բացահայտումից հետո տվյալ անձը, թողնելով չքվեարկված քվեաթերթիկը և վերցնելով Բ.Մարգարյանի անվամբ անձնագիրը, դիմել է փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի վստահված անձ Ա. Մանուկյանից 12.02.2012թ. հաղորդում է ստացվել` Ա. Դանիելյանի վստահված անձի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ: Հիշյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 1542 հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2012թ. փետրվարի 14-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

2012թ. փետրվարի 12-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել` Միկրոշրջան թաղամասի 68 շենքի հարակից տարածքում ընտրության ընթացքի վերաբերյալ ունեցած դժգոհությունների կապակցությամբ խուլիգանություն կատարելու մասին: Պարզվել է, որ խուլիգանություն կատարողը Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներից է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: