16 հունվարի 2004 - 19:46 AMT
ԲԱՔՎՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՆԱԽՈՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՆԱՏՕ-Ի ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՀԵՏ
Հայ սպաների հետ կապված խնդիրը, որոնց թույլ չեն տվել մեկնել Բաքու ՆԱՏՕ-ի կոնֆերանսին մասնակցելու համար, հղի է պաշտոնական Բաքվի համար անախորժություններով, գտնում է ադրբեջանցի բարձրաստիճան ռազմական փորձագետը, որը ցանկացել է անհայտ մնալ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, նրա կարծիքով` մի ամիս անց այն բանից հետո, երբ միջոցառման ղեկավարները Բաքվի կոնֆերանսի մասին գրավոր զեկույցներ կներկայացնեն ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, կհաջորդեն որոշակի մեկնաբանություններ: «Ոչ մի լավ բան ես չեմ սպասում, քանի որ Ստամբուլում գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ եթե նույնիսկ հայերն իրեն դիմեին, միեւնույն է ուղեւորվելու թույլտվություն չէին ստանա: Դա ավելորդ էր: Միջադեպը տհաճ է`հաշվի առնելով, որ հայերը չեն խոչընդոտել Երեւանում «Cooperative Best Effort-2003» զորավարժություններին ադրբեջանցի զինվորականների ժամանմանը: Մենք ինքներս ենք հրաժարվել մասնակցել: Ինձ անխուսափելի է թվում այն, որ ստեղծված իրավիճակը հայերը կօգտագործեն հանուն իրենց շահերի»,- նշել է փորձագետը: