23 փետրվարի 2012 - 13:49 AMT
Հայ փորձագետ. Եթե Հայաստանը զիջումների գնա Ղարաբաղի հարցում, Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի է

Հայաստանը պետք է տասնյակ տարիների հեռանկարն աչքի առաջ ունենա, որպեսզի բացառի ղարաբաղյան հարցում ռազմական ելքը` հայկական տարածքների օկուպացումից խուսափելու համար: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Ռազմական փորձագետի կարծիքով, այն խաղաղությունը, որը մենք ունենք այսօր, լավագույն տարբերակն է: Ընդ որում, նա հավելել է, որ եթե Հայաստանը անգամ չնչին փոփոխություն մտցնի ռազմավարության մեջ, և ղարաբաղյան հարցում զիջումների գնա, Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի կլինի:

«Մենք պետք է հաստատենք այն նվաճումները, որոնց հասել ենք այս ընթացքում, իսկ դրա համար պետք է ամրացնել պետական կառույցները` ԼՂՀ տարածքում»,-հայտարարել է Ջամալյանը:

Փորձագետն ընդգծել է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլատրել հակամարտության ռազմական ելք, քանի որ այդ դեպքում Ադրբեջանը բաց չի թողնի Սյունիքի տարածքը օկուպացնելու հնարավորությունը: