2012թ. Հայաստանում կգործեն սոցիալական ծառայությունների տրամադրման մոտ 15 կենտրոններ

2012թ. Հայաստանում կգործեն սոցիալական ծառայությունների տրամադրման մոտ 15 կենտրոններ

PanARMENIAN.Net - Կառավարությունը իր սոցիալական քաղաքականության մեջ անցում է կատարում անապահով ընտանիքների եկամուտների բարձրացումից դեպի նրանց հնարավորությունների բարձրացում, փետրվարի 24-ին Երևանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ բացելով «Երեխաների եւ ընտանիքների սոցիալ բարեկեցությունը Հայաստանում՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով» թեմայով համաժողովում:

Ըստ նրա, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներմուծումը 2011թ. առաջնայնություն է հայտարարվել և մշակվել է մի հայեցակարգ, որը հնարավորություն տվեց գործարկել առաջին փորձնական ծրագրերն ու ապացուցել, որ այդ մոտեցումն աշխատում է: «Այդ քաղաքականության նպատակն է ունենալ գրասենյակներ, որոնք կմատուցեն ինտեգրված սոցիալական ծառայություններ «մեկ պատուհանի» սկզբունքով և աշխատակիցներ, որոնք իրազեկ կլինեն անապահով ընտանիքների բոլոր խնդիրներին»,-ասել է նա:

Այդ առնչությամբ վարչապետը կարևորել է, որ փորձնական ծրագրի շրջանակներում անապահով ընտանիքները ստանան նպատակային կառավարական աջակցություն, որը կլինի բովանդակային, ոչ թե ձևական: Տիգրան Սարգսյանը առանձնացրել է աղքատություն ծնող հիմնական ուղղությունները՝ առաջին հերթիկն, դա աշխատանքի բացակայությունն է: Այստեղ կառավարությունը պետք է փորձի ապահովել այդ ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքով, ոչ թե ավելացնի նրանց կախվածությունը պետնպաստից: Երկրորդ պատճառը՝ կրթության անհասանելիությունն է, ինչպես նշել է վարչապետը, նման ընտանիքների 62 տոկոսը չունեն բարձրագույն կրթությամբ անդամների և երեխաների միայն 10 տոկոսը կրթություն ստանալու հնարավորություն ունի: «Դա նշանակում է, որ մեր աջակցությունն այնպիսին պետք է լինի, որ նրանք կարողանան կրթություն ստանալ»,-ասել է նա:

Երրորդ ուղղությունը երեխաներն են: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երեխաները ծնվեն ու դաստիարակվեն ընտանիքներում: Ամենավատն այն է, երբ մենք երեխաներին կտրում ենք ընտանիքներից ու մանկատուն տանում»,-ասել է նա:

Իր հերթին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հավելել է, որ արդեն մինչ 2012թ. ավարտը Հայաստանում կգործեն սոցիալական ծառայությունների տրամադրման մոտ 15 կենտրոններ: Ըստ նրա, ՀԲ հետ համատեղ մշակվում է նրանց աշխատանքի մոդելը, կազմվում են նախագծեր ու նախահաշիվներ, որից հետո կսկսվեն վերանորոգման աշխատանքները: Նա նաև նշել է, որ նախարարության նոր քաղաքականության ուշադրության կենտրոնում «մարդն է ու նրա խնդիրները»:

Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը, տարածքային կառավարման նախարարությունը ՄԱԿ Մանկական հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովում ներկայացվել են սոցիալական ծառայությունների տրամադրման ինտեգրված միասնական համակարգի ներդրման փորձնական ծրագրի մեկնարկային արդյունքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---