24 փետրվարի 2012 - 14:11 AMT
Էդվարդ Նալբանդյանն իր կորեացի պաշտոնակցի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը

Փետրվարի 23-ին պաշտոնական այցով Սեուլ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կորեայի ԱԳ նախարար Կիմ Սունգ-Հվանի հետ::

Հանդիպման սկզբում փոխանակվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Կորեայի նախագահ Լի Մյունգ-Բակի ուղերձները երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի կապակցությամբ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` նախարար Սունգ-Հվանն ասաց. «Այս տարի նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը լավ առիթ է ի մի բերելու այս տարիների ընթացքում անցած ճանապարհը եւ քննարկելու երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը», հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով Սեուլ այցելելու հրավերի համար, կարեւորեց Կորեայի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը:

Անդրադառնալով հաջորդ ամիս Սեուլում կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին՝ Կիմ Սունգ-Հվանը նշեց, որ սպասվում է հինգ տասնյակից ավելի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցություն եւ Կորեայի կառավարության անունից գոհունակություն հայտնեց գագաթաժողովին ՀՀ նախագահի նախատեսվող մասնակցության կապակցությամբ: Հայաստանի եւ Կորեայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, կովկասյան տարածաշրջանում անվտանգության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը: Բանակցություններին անդրադարձ կատարվեց նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին: Նախարար Նալբանդյանն իր կորեացի գործընկերոջը պատմեց բանակցությունների վերջին զարգացումների մասին: Կորեայի արտգործնախարարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները Ասիական տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ, ինչպես նաեւ կորեական թերակղզում խաղաղության ապահովման նպատակով գործադրվող ջանքերը: Նախարարները պայմանավորվեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:

Երկուստեք կարեւորվեց իրավապայմանագրային դաշտի կայացումը եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում նախապատրաստել եւ ստորագրել համաձայնագրեր տնտեսական, ներդրումային, գիտա-կրթական, մշակութային եւ մաքսային համագործակցության մասին:

Քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գործարար կապերի բնագավառներներում փոխգործակցության խթանման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցեր:

Հայաստանի եւ Կորեայի նախարարները միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր կրողների համար արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին:

Հայաստանի արտգործնախարարը իր կորեացի պաշտոնակցին հրավիրեց այցելել Երեւան: