Հայաստանը մտադիր է համագործակցություն հաստատել ՀՀ և Կորեայի դիվանագիտական ակադեմիաների միջև

Հայաստանը մտադիր է համագործակցություն հաստատել ՀՀ և Կորեայի դիվանագիտական ակադեմիաների միջև

PanARMENIAN.Net - Սեուլում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ-կորեական հարաբերությունների մասին ելույթով հանդես եկավ Կորեայի Արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության ինստիտուտի (Դիվանագիտական ակադեմիա) ուսանողների առջեւ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ելույթից առաջ նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության ինստիտուտի ղեկավարության հետ, որոնք Հայաստանի արտգործնախարարին ծանոթացրեցին քաղաքագիտական եւ կրթական կենտրոնի աշխատանքների ու ուսումնական ծրագրերի հետ: Անդրադարձ կատարվեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ Կորեայի Արտաքին հարաբերությունների ինստիտուտի միջեւ համագործակցությանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվեց Կորեայի Ազգային ժողովում, ուր հանդիպում ունեցավ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կիմ Չունգ-վանի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Կորեացի խորհրդարանականները որպես բարեկամական բնորոշեցին հայ-կորեական հարաբերությունները եւ հույս հայտնեցին, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Սեուլ նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Կորեայի խորհրդարանների միջեւ ձեւավորված համագործակցության կապակցությամբ եւ մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների եւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ավարտելով այցելությունը Կորեա՝ ԱԳ նախարարը ուղեւորվեց Վիետնամ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---