25 փետրվարի 2012 - 10:07 AMT
«Հայկական ժամանակ». Վերահսկիչ պալատը հաջորդ շաբաթ կհրապարակի Կոտայքի մարզի ստուգումների արդյունքներն

Վերահսկիչ պալատը, որ անցյալ տարվա նոյեմբերի 14-ից ստուգումներ էր սկսել Կոտայքի մարզում և, մասնավորապես, Աբովյանի քաղաքապետարանում, որն էլ հենց իր քաղաքապետով ՎՊ-ի թիրախն էր, դեռ ստուգումներն չի ավարտել:

Երեկ «Հայկական ժամանակի» թղթակիցը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանին հարցրել է, թե ինչպես է Ծառուկյանը վերաբերվում փաստին, որ ՎՊ-ն արդեն տևական ժամանակ դուրս չի գալիս Աբովյանի քաղաքապետարանից: «Այդ հարցն ուրիշ հասցեատեր ունի, ինձ թվում է` դուք պետք է դիմեք Վերահսկիչ պալատ»,- իր խոսնակի միջոցով փոխանցել Է Ծառուկյանը:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ինչպես հայտնել է վերջինիս խոսնակը, գտնվում է Հնդկաստանում: Խոսնակն ասել է, որ Կոտայքի մարզի ստուգումներն ամփոփման փուլում են, և առաջիկա օրերին արդյունքները կհրապարակվեն: Թերթի տեղեկություններով, Իշխան Զաքարյանը, ամենայն հավանականությամբ, եկող շաբաթ մամուլի ասուլիս կհրավիրի` այդ ստուգումների արդյունքներն ամփոփելու համար: