22 հունվարի 2004 - 18:35 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԲՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը բնական է համարում, որ Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումների հիմնական թեման կլինի Ղարաբաղի հարցը: Ֆրանսիան, եւ անձամբ նախագահ Ժակ Շիրակը կարեւոր դեր են խաղացել, հատկապես ղարաբաղյան կարգավորման շուրջ փարիզյան, եւ դրան հետեւած քիուեսթյան գործընթացներում, եւ մեզ համար ինչ-որ չափով հաճելի է, որ այդ հարցը կրկին կքննարկվի Ֆրանսիայի ղեկավարության հետ, նշել է Վ.Օսկանյանը: Ընդ որում նա հիշեցրել է, որ հենց Ժակ Շիրակն էր Հեյդար Ալիեւի ու Ռոբերտ Քոչարյանի փարիզյան հանդիպման նախաձեռնողը, եւ ինքն էլ ներկա է եղել հանդիպմանը: Չի բացառվում, որ Իլհամ Ալիեւը կտեղեկացվի այդ հանդիպումների բովանդակության մասին, եւ կհաստատվեն այն դրույթները, որոնց շուրջ այն ժամանակ բանակցություններ են վարվել, հայտարարել է Վ.Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին: Միեւնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «եթե Ադրբեջանի նոր նախագահը Լեռնային Ղարաբաղի գծով բանակցություններում դիմի կտրուկ փոփոխությունների, ապա հետագայում բանակցությունների հնարավոր ձախողման համար պատասխանատվությունը կկրի հենց ադրբեջանական կողմը»: Հիշեցնենք, որ հունվարի 22-23 Իլհամ Ալիեւի Փարիզ կատարելիք այցի շրջանակներում, ադրբեջանական աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, հանդիպումների հիմնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: