Վիետնամի ԱԳ նախարարը աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Վիետնամի ԱԳ նախարարը աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

PanARMENIAN.Net - Հանոյում տեղի ունեցան Հայաստանի եւ Վիետնամի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆամ Բին Մինի բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերին, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Անդրադառնալով հայ-վիետնամական հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդային տարիներին Հայաստանում ուսում ստացած հազարավոր վիետնամցիները եւ Վիետնամում աշխատած հայերը յուրահատուկ թելերով կապում են երկու երկրներին եւ ժողովուրդներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆամ Բին Մինը համակարծիք էին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը բեկումնային պետք է դառնա փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու տեսանկյունից:

Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին աշխատանքներ տանել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ՝ ստորագրման պատրաստել ԱԳՆ-երի միջեւ համագործակցության, առեւտրա-տնտեսական, մշակութային, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ոլորտներում փոխգործակցության մասին համաձայնագրեր, ընդլայնել համագործակցությունը եւ միմյանց թեկնածությունների աջակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել զբոսաշրջության զարգացման համար:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, կովկասյան տարածաշրջանում համագործակցության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս առումով Վիետնամի ԱԳ նախարարը աջակցություն հայտնեց միջազգային իրավունքի հիման վրա արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Ֆամ Բին Մինը իր հայաստանցի գործընկերոջը տեղեկացրեց ասիական տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների եւ դրանց վերաբերյալ Վիետնամի մոտեցումների մասին:

Հայաստանի եւ Վիետնամի ԱԳ նախարարները նաեւ մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքում ընթացող իրադարձությունների վերաբերյալ:

Հանոյ Էդվարդ Նալբանդյանի այցի օրակարգում էր նաեւ այցելությունը 1959թ. հիմնադրված Դիվանագիտական ակադեմիա, ուր նա Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ-վիետնամական հարաբերությունների մասին ելույթ ունեցավ կրթօջախի ուսանողների առջեւ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---