25 փետրվարի 2012 - 13:43 AMT
ՀՀ նախագահ. Ռաիսա Մկրտչյանը նոր աստիճանի է բարձրացրել մեր երաժշտական մշակույթը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Շնորհավորանքում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ տիկին Մկրտչյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ի դեմս Ձեզ՝ մեր ողջ ժողովուրդը ճանաչում է հայ երգարվեստի փայլուն ներկայացուցչի և մշակույթի երախտավորի: Տասնամյակներ շարունակ Հայաստանի և աշխարհի ամենատարբեր բեմերում Ձեր ինքնատիպ մեկնաբանություններով Դուք հնչեցրել եք հայ երգը և արժանիորեն վաստակել բարձր հեղինակություն և լայն ժողովրդականություն:

Ձեր գործընկերների հետ Դուք նոր դարաշրջան եք բացել հայ երգարվեստի պատմության մեջ և նոր աստիճանի բարձրացրել մեր երաժշտական մշակույթը»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

Հանրապետության ղեկավարի խոսքով, գնահատելի է նաև Ռաիսա Մկրտչյանի մանկավարժական գործունեությունը, ճշմարիտ մշակույթի լավագույն ավանդույթները նոր սերնդին փոխանցելու առաքելությունը, որը նա կատարել ու կատարում է պատվով: