23 հունվարի 2004 - 17:23 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԵՌԵՎՍ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՄՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ
Անցյալ շաբաթ Նյու Յորքի «Դալլաս» օդանավակայանում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Թաթուլ Մանասերյանը դեռեւս գտնվում է Վիջինիայի նահանգի ներգաղթի ծառայության մեկուսարանում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ` Թ. Մանասերյանին հնարավոր օգնություն ցուցաբերելու կապակցությամբ, որի առողջական վիճակն ԱՄՆ-ում կտրուկ վատթարացել է: Համաձայն աղբյուրի, արդեն պատգամավորին սատարելու որոշակի քայլեր են ձեռնարկվել, մասնավորապես, նրան հնարավորություն է ընձեռնվել հանդիպել հայկական դեսպանության աշխատակիցների հետ: Նշենք, որ Թ. Մանասերյանը գտնվում է ԱՄՆ-ում մասնավոր այցով: Ինչպես իր հերթին տեղեկացրել է «Հայաստանի ժողովրդական կուսակցության» ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը (Թ. Մանասերյանը խորհրդարանում ներկայացնում է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը), տվյալ միջադեպը բացառապես անձնական բնույթ է կրում եւ վերաբերում է ծնողական խնամակալությանը` Թ. Մանասարյանի նախկին կինը եւ որդին ներկայումս բնակվում են ԱՄՆ-ում: