24 հունվարի 2004 - 18:21 AMT
ԱՇՆԱՆԸ ՎԻԵՆԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ Է ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Վիենայի հայ-թուրքական պլատֆորմ» կազմակերպությունը նախատեսում է 2004 թվականի աշնանը Ավստրիայի մայրաքաղաքում կազմակերպել հայ եւ թուրք պատմաբանների հանդիպում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը, հայկական կողմն արդեն ստացել է հանդիպմանը մասնակցելու հրավեր: Նրա խոսքերով` հրավերին կից նամակում նշվում է, որ հանդիպման գլխավոր նպատակը` գիտական եղանակների եւ գնահատականների հիման վրա հայ-թուրքական երկխոսության հաստատումն է: Մասնավորապես, քննարկման առարկա կդառնան 1915 թվականի արխիվային նյութերը: Ինչպես նշվում է նամակում, կողմերը Վիենայի կազմակերպությանը պետք է ներկայացեն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ, որոնք հետո ժամանակավորապես կհանձնվեն հակառակ կողմի քննարկմանը: Լ.Բարսեղյանի խոսքերով` հայկական կողմը մտադիր է ներկայացնել նյութեր` Գերմանիայի եւ Ավստրիայի արխիվներից: Հայկական պատվիրակության կազմում Լավրենտի Բարսեղյանից զատ Վիենա կմեկնի նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Թուրքական կողմը Վիենայում կներկայացնեն Թուրքիայի պատմագիտական թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլուն եւ նույն թանգարանի հայկական բաժանմունքի տնօրեն Հիքմեթ Օզդեմիրը: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ ավստրիացի փորձագետներ: