27 փետրվարի 2012 - 14:32 AMT
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» նախաձեռնության բոլոր նիստերը լինելու են բաց

Երիտասարդ գիտնականների ֆինանսավորման համար նախագահի կողմից հատկացված 100 մլն դրամը արդյունավետ օգտագործելու համար ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բաղկացած է 9 հոգուց: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին նախաձեռնության անդամները` նշելով, որ 100 միլիոնն արդյունավետ օգտագործելու համար ստեղծվել է նախագիծ:

«Ֆեյսբուքյան բազմաթիվ քննարկումներից հետո որոշվել է, որ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ նախաձեռնության խորհրդի բոլոր անդամները փոխվելու են, ինչպես նաև բոլոր նիստերը լինելու են բաց լրագրողների համար» ,- նշեց նախաձեռնության ակտիվիստ Խաչիկ Գևորգյանը:

Ինչպես նշեց խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանը` նախագծի հիմնական ուղղությունները հետևյալն են` կոնֆերանսների կազմակերպում Հայաստանում, մեր մասնակիցների մասակցությունը արտասահմանյան կոնֆերանսներին, գիտական ծրագրերի աջակցություն և այլն: