Վարժապետյան. Սահմանադրական խորհուրդը վաղը կարող է վճիռ կայացնել Ցեղասպանության մասին օրինագծի վերաբերյալ

Վարժապետյան. Սահմանադրական խորհուրդը վաղը կարող է վճիռ կայացնել Ցեղասպանության մասին օրինագծի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հավանականությունն այն բանի, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը վաղը կհրապարակի ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի սահմանադրական լինելու վերաբերյալ որոշումը, բավական մեծ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Հայ Դատի» ֆրանսիական գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

«Առայժմ դրա վերաբերյալ 100%-անոց տեղեկատվություն չկա, ինչպես և չկան տեղեկություններ հայտարարության բնույթի մասին»,- նշել է նա:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպասվում է, որ Խորհուրդը որոշում կընդունի մինչև մարտի 1-ը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---