28 հունվարի 2004 - 18:09 AMT
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Եվրոխորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում նախօրեին կայացած քննարկումների արդյունքում, «Հարավային Կովկասի հանդեպ Եվրամիության քաղաքականության» զեկույցում նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ: Ինչպես տեղեկացնում է Հանուն արդարադատության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական դաշինքը, փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են Թուրքիայի կողմից Հայաստանի
շրջափակմանը: Այսպես, զեկույցի հեղինակ, Եվրոխորհրդարանի անդամ Պեռ Գարթոնը համաձայնվել է հայկական կողմի պահանջներին` Հայաստանի ապաշրջափակման անհրաժեշտության հարցը զեկույցում ամրագրելու վերաբերյալ: Այդ կապակցությամբ նախատեսվում է զեկույցում հավելագրել հետեւյալ նախադասությունը. «Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում առաջընթաց արձանագրելու համար վերջինս պարտավոր է ձեռնարկել հարեւանների հետ հարաբերությունների բարեկարգմանն ուղղված քայլեր»: Հատուկ ընդգծվում է Հայաստանի հետ սահմանի բացման եւ առեւտրային կապերի զարգացման առջեւ առկա խնդիրների վերացման կարեւորությունը: Միաժամանակ զեկուցագրի փոփոխված տարբերակում Եվրախորհրդարանը վերահաստատում է 1987թ-ի հունիսի 18-ի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որում ոչ միայն դատապարտվում է հայոց եղեռնը, այլեւ Թուրքիային կոչ է արվում ընդունել այն որպես պատմական փաստ: