29 հունվարի 2004 - 17:58 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ «NEW YORK LIFE» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՎՃԱՐԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ
Ամերիկյան «New York Life» ապահովագրական ընկերությունը համաձայնել է որպես փոխհատուցում 20 մլն դոլար վճարել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայող Ցեղասպանության զոհերի ժառանգներին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս որոշման մասին հայտարարվել է հունվարի 28-ին Սան Ֆրանցիսկոյում: Ընկերությունը կբավարարի 2400 հայց, ինչպես նաեւ մարդասիրական հիմնադրամ կստեղծի հայկական համայնքի համար:«Ապահովագրական այս վկայականներից ունեցողներից շատերի ժառանգներն ապրում են Կալիֆորնիայում, եւ ես բավարարված եմ նրանով, որ այս հարցի շուրջ կողմերի ծանր աշխատանքի արդյունքում արդարությունն ի վերջո հաղթեց», - ասել է Կալիֆորնիայի ապահովագրական լիազոր Ջոն Գարամենդին: Հիշեցնենք, որ անցյալ դարասկզբին Թուրքիայում բնակվող եւ 1915-1923թթ. երիտթուրքերի կառավարության կողմից ջարդի եւ հետապնդումների ենթարկված մոտ կես միլիոն հայեր ապահովագրել էին իրենց կյանքը ամերիկյան եւ բրիտանական ընկերություններում: