29 հունվարի 2004 - 18:06 AMT
ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՍԿՍԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՈՒՄԸ, ԱՅԴ ԵՐԿԻՐԸ ՏԵՂ ՉԻ ՈՒՆԵՆԱ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽԽՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Եթե Ադրբեջանը չհետեւի եվրոպական արժեքներին, ապա անդամությունը Եվրոպայի Խորհրդին կվերածվի ֆարսի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտարկման կոմիտեի Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրեաս Գրոսսը: Նրա կարծիքով, եթե ԵԽ-ն սկզբունքայնություն չդրսեւորի տվյալ հարցում, կկորցնի իր հեղինակությունը: «Եվրախորհուրդին Ադրբեջանի անդամակցության հարցում մենք բավականին թերահավատորեն էինք տրամադրված: Սակայն, արեցինք դա, քանի որ մենք ժողովրդավարությունը համարում ենք յուրօրինակ գործընթաց, որը կարող է սկսել ցանկացած պետություն: Սակայն այսօր տեսնում ենք, որ մեր հույսերը պատրանք էին»,- ասել է համազեկուցողը: Չնայած նրան, որ վերջերս Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններն ուղեկցվեցին խախտումներով, համենայնդեպս, մենք ցանկանում ենք Իլհամ Ալիեւին հնարավորություն տալ զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները, որպեսզի մոտակա երեք-չորս ամիսներին հնարավոր լինի խոսել Ադրբեջանում ժողովրդավարության սկզբնավորման մասին, ասել է շվեյցարացի խորհրդարանականը: Պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի ո՞ր ոլորտում է տիրում ամենավատ վիճակը, Գրոսսը հայտարարել է. «Այնտեղ չկա որեւէ բնագավառ, որը լիներ լավ վիճակում, այնպես որ կարելի է հարց տալ, թե որտե՞ղ են արձանագրվել ամենալուրջ խախտումները»: