29 փետրվարի 2012 - 11:48 AMT
Apple-ը մարտի 7-ին կներկայացնի երկար սպասված iPad 3-ը

Apple-ը մարտի 7-ին Սան Ֆրանցիսկոյում կներկայացնի iPad 3 երկար սպասված պլանշետը։ Ընկերությունը մամլո ասուլիսի հրավերներ է ուղարկել լրատվամիջոցներին, որոնց մեջ գրված է. «Մենք ցույց կտանք այն, ինչ դուք անպայման պետք է տեսնեք և փորձեք»։ Բացի դրանից հրավերի մեջ եղել է iPad-ի էկրանի նկար, գրում է The Huffington Post-ը։

Ըստ մամուլում առկա տարբեր լուրերի, iPad-ի երրորդ սերունդը ունենալու է Retina էկրան՝ 2048x1536 որոշմամբ, ինչը երկու անգամ մեծ է iPad 2-ից։ Այն համատեղելի է լինելու 4G LTE ցանցի հետ և սպասվում է, որ հագեցած է լինելու Siri ձայնային կառավարման համակարգով։ Ըստ որոշ հրապարակումների, հնարավոր է, որ այն սպասվող A6 պրոցեսորի փոխարեն հագեցած է լինելու A5X կոչվող պրոցեսորով, ինչից կարելի է ենթադրել, որ Apple-ը կներկայացնի ոչ թե iPad 3, այլ iPad 2S: Լուրերը նաև նշում են, որ այն ունենալու է 8 մեգապիքսել ֆոտոխցիկ։

Առաջին iPad պլանշետը թողարկվել է 2010-ի հունվարի 27-ին, իսկ iPad 2-ը ներկայացվեց 2011-ի մարտի 2-ին։