29 փետրվարի 2012 - 14:31 AMT
Կիրո Մանոյան. Ցեղասպանության մասին ֆրանսիական օրենքի չեղարկումը աշխարհի վերջը չէ

Ֆրանսիայի Սահմանադրական խորհդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը ոչ սահմանադրական ճանաչելը դեռ աշխարհի վերջը չէ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, «այս անգամ հաղթեցին թուրքական սպառնալիքները, քաղաքական ճնշումներն ու կաշառքը, ինչը պատիվ չի բերում Ֆրանսիային.:

Նշենք, որ հայ համայնքն արդեն հայտարարել է, որ չի հուսալքվելու և նոր ուժով ձեռնամուխ է լինելու նմանատիպ օրենքի ընդունմանը: Կիրո Մանոյանը նշել է նաև, որ հայտնի չէ, թե ով ինչպես է քվեարկել Սահմանադրական խորհրդում, քանի որ քվեարկությունը գաղտնի էր, սակայն հայտնի է, որ Խորհրդի անդամ են նաև թուրքամետ գործիչներ, որոնք ժամանակին Սենատում դեմ են քվեարկել օրինագծի ընդունմանը, և հետևաբար, այս դեպքում ևս դեմ են քվեարկել:

«Փետրվարը մեզ համար անհաջող ասմի էր, քանի որ ԱՄՆ-ում դաշնային դատարանի որոշմամբ որոշվեց, որ Կալիֆորնիայի օրենքը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին գույքի փոխհատուցման մասին հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու ԱՄՆ դաշնային օրենքին»,-ասել է Մանոյանը:

Նա նշել է նաև, որ Նիկոլյա Սարկոզին չի հասցնի փոխել իրավիճակը, թեև հայտարարել է, որ շարունակելու է որդեգրած ուղին: Մանոյանը հավելել է, որ մի քանի օրից Ֆրանսիայի Սենատը արձակուրդ է գնում և հազիվ թե նրանք արտահերթ նիստ գումարեն Հայոց ցեղասպանության մասին օրինագծի համար:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: