29 փետրվարի 2012 - 14:42 AMT
Սենատորը Սարկոզիի համար վիրավորական չի համարում Սահմանադրական խորհրդի որոշումը

Ֆրանսիայի UMP իշխող կուսակցության անդամ, պատգամավոր Բրիս Օրտեֆյեն մեկնաբանել է Սահմանադրական խորհրդի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի գրաքննության վերաբերյալ որոշումը, ասելով, որ «հաշվի է առնում խորհրդի որոշումը», սակայն հրաժարվում է դրանում նախագահ Սարկոզիին ուղված «հարված» տեսնել: Այս մասին գրում է «Nouvelles d`Arménie»:

Օրտեֆյեն նշել է. «Եկեք չօգտագործենք ամպագորգոռ բառեր: Պետք է հաշվի առնել Սահմանադրական խորհրդի որոշումը, սակայն պետք չէ արցունք թափել պատահածի համար»,-ընդգծել է նա: Ըստ նրա, Սարկոզին հայտարարել է, որ ինքն առաջիկայում հայ համայնքի հետ հանդիպելու առիթ կունենա և հանձնարարել է կառավարությանը վերանայել տեքստը` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշմանը հանգեցրած տարրերը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին է ընդունել այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: