29 փետրվարի 2012 - 16:41 AMT
Ռուսաստանը կարող է պահանջել հայկական հողերի վերադա՞րձը

«Սահմանների փոփոխությունը պարտադիր է լինելու և' Եվրոպայում, և' Մերձավոր Արևելքում: Եվ քանի որ Հայաստանն ամենից մոտն է կանգնած Ռուսաստանին, ապա որոշակի խորհրդաժողովների ժամանակ, երբ բարձրանա Մերձավոր Արևելքում սահմանների փոփոխության ճանաչմանը Ռուսաստանի համաձայնության հարցը, Ռուսաստանը հնարավորություն կունենա կատարելու փոխանակություն. մենք մեր հավանությունը կտանք նման տարբերակին, իսկ փոխարենը կպահանջենք Հայաստանի հողերի վերադարձը»,- ասել է Ռուսաստանի նախագահի թեկնածու, ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` մեկնաբանելով, թե ինչպես է Ռուսաստանը փորձելու վերադարձնել հայկական տարածքները` Արարատ լեռը, Սուրմալուի գավառը, Կարսն ու Արդահանը, որոնք 1921թ. պայմանագրով հանձնվել են Թուրքիային:

Սակայն Ժիրինովսկին ընդգծում է, որ այդ հարցը կարող է լուծվել միայն գերագույն իշխանության մակարդակով, քանի որ այն վերահսկում է արտաքին քաղաքականությունը: ՌԼԴԿ-ն իր ղեկավարի գլխավորությամբ առայժմ կարող է միայն նախաձեռնություն ցուցաբերել: