1 մարտի 2012 - 12:10 AMT
Մարզերից Երևան եկող տրանսպորտը չի աշխատում. Ոստիկանությունում ասում են՝ «Չկա նման բան»

Դեռ երեկ երեկոյան Հոկտեմբերյանում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մոտեցել են տաքսիների վարորդներին ու ստորագրություն վերցրել, որ այսօր դեպի Երևան ուղևոր չեն փոխադրելու: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Գոհար Իսախանյանը, որն ամեն առավոտ Հոկտեմբերյանից Երևան աշխատանքի է գալիս:

Նա նշեց, որ թեև առաջին հայացքից սա անհավանական ու անհեթեթ է թվում, սակայն երբ առավոտյան գնացել է ավտոկայան, ոչ տաքսիներ են եղել, ոչ էլ երթուղային միկրոավտոբուսներ:

«Ամբողջ ավտոկայանը լցված էր ուսանողներով ու աշխատանքից ուշացողներով: Իսկ այն հատուկենտ տաքսիներն էլ, որ սովորաբար 400 դրամով են Երևան բերում, այսօր 1000 էին պահանջում, մարդիկ էլ ճարահատյալ համաձայնվում էին»,- ասաց նա՝ նշելով, որ սա առաջին դեպքը չէ. «ՀԱԿ-ն այսօր ցույց ունի: Մենք արդեն չենք էլ զարմանում»:

Նմանատիպ ահազանգներ կան նաև Մասիս քաղաքից: «Մասիսում երբեք էլ այս օրերին երթուղայինները չեն աշխատում»,- ասաց Լուսինե Մկրտումովան:

«Առավոտյան ժամը 9-ից դեպի Երևան գնացող տրանսպորտ չկա՝ ոչ ավտոբուսներ, ոչ միկրոավտոբուսներ: Միայն տաքսիներ են, բայց չենք պատկերացնում՝ ոնց պետք է այսքան մարդ տեղափոխեն»,- ահազանգում են նաև Արտաշատի բնակիչները:

«Այդ երբվանի՞ց է ոստիկանությունը զբաղվում տրանսպորտի հարցով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը: Այն դիտարկմանը, թե ըստ ականատեսների հենց ոստիկաններն են տաքսիների վարորդներից «մարդ չտեղափոխելու մասին» ստորագրություն վերցրել, Մալխասյանը պատասխանեց. «Չկա նման բան»: