1 մարտի 2012 - 13:58 AMT
Գուդաուրի - Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հաղորդել են Վրաստանի ճանապարհների դեպարտամենտից, մարտի 1-ի ժամը 10.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում` առատ ձյան տեղումների և սահմանափակ տեսանելիության պատճառով, երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:

Նույն ճանապարհի Պասանաուրի - Գուդաուրի(Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի- Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի (Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:

Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: