1 մարտի 2012 - 15:07 AMT
ԵՄ փորձագետները մրցակցային խնդիրները քննարկել են դատավորների հետ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու որոշումները սովորաբար բողոքարկվում են դատական կարգով. Հետևապես այս առումով կարևորվում է տվյալ գործերը քննող դատավորների խորը և համակողմանի տեղեկացվածությունը մրցակցային խնդիրների և ոլորտի նոր իրավական զարգացումների վերաբերյալ:

Փետրվարի 28-29-ին տեղի ունեցավ ‹‹Մրցակցային օրենսդրության նոր իրավական զարգացումները›› թեմայով սեմինար-քննարկում`Հայաստանի դատավորների մասնակցությամբ: ՀՀ Վարչական և ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանների դատավորները հնարավորություն ունեցան ԵՄ փորձագետների հետ քննարկելու մրցակցային օրենսդրությունն ու ԵՄ լավագույն գործելակերպերը, ինչպես նաև տեղեկանալու ԵՄ դատարանների և ազգային դատարանների դերի և լիազորությունների մասին: Դատավորները ԵՄ փորձագետների հետ քննարկեցին նաև տնտեսական մրցակցությունը սահմանափակող գործերի քննությանն առնչվող մասնագիտական հարցեր:

Միջոցառման ժամանակ զեկույցներ ներկայացրեցին ԵՄ անդամ պետությունների փորձագետներ, Գերմանիայի մրցակցային մարմնի նախկին փոխնախագահ` պարոն Կ. Շթոքմանը,Լիտվայի մրցակցության խորհրդի նախագահ` Շարունաս Կեզերաուսկասը: Մասնավորապես նրանք անդրադարձան ԵՄ Հանձնաժողովի ստուգումներ և հետաքննություն իրականացնելու իրավասությանը, ԵՀ-ի և անդամ պետությունների մրցակցային մարմինների համագործակցությանը, մրցակցային մարմինների և դատարանների միջև տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև մասնագիտական այլ հարցերի:

Քննարկման մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում` հատկապես Հայաստանի և ԵՀ-ի օրենսդրական ակտերի, իրավասությունների և գործերի քննության վերաբերյալ: Մասնավորապես դատավորներին հետաքրքրում էր, թե օրենսդրությամբ ինչպես է կարգավորվում տուգանքի վճարումը այն դեպքում, երբ տնտեսվարողը որոշումը բողոքարկել է դատարանում: Կ. Շթոքմանը պատասխանեց, որ նման դեպքերում Գերմանիայում կասեցվում է տուգանքի վճարումը, քանի դեռ դատական վերջնական ակտով որոշում չի կայացվել: Բացի այդ, փորձագետը նշեց, որ նման դեպքերում դատարանի կողմից կայացվող վճիռը խիստ էական է և վճիռն ինչ-որ տեղ նման է մեղադրական եզրակացության, քանի որ դատարանն իրավասու է գործի հետ կապված նոր քննություն սկսել, գործում վկաներ ներգրավվել, տուգանքի չափի փոփոխություն կատարել և այլն:

Հարցի հետ կապված Շ. Կեզերաուսկասը տեղեկացրեց, որ Լիտվայի մրցակցային օրենսդրությամբ բողոքարկված գործերի դեպքում կիրառվում է այլ մոտեցում: Նրա տեղեկացմամբ, դատական բողոքարկումը չի կասեցնում տուգանքի վճարումը: Անկախ ամեն ինչից, տուգանքի ենթարկված տնտեսվարողը պարտավոր է վճարել այն, իսկ եթե դատարանը մրցակցային մարմնի որոշումը ճանաչի անվավեր, ապա հետագա ընթացքը կարգավորվում է օրենսդրությամբ: Երկու փորձագետներն էլ նշեցին, որ եթե տնտեսվարողը դիմում է ներկայացնում` տուգանքը մաս մաս վճարելու վերաբերյալ, ապա, հատկապես խոշոր տուգանքների պարագայում ընդառաջում են նրան: Դատավորների կողմից հնչեցին նաև հարցեր օրենդրական տարբեր ակտերի, տուգանքների չափի և վճարման, ԵՄ Հանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների համագործակցության, համատեղ վարույթների իրականացման և այլ թեմաների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ Հայաստանի դատական համակարգի աշխատակիցների համար նախատեսված երկօրյա սեմինարը կազմակերպվել է ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակում մեկնարկած «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ներքո, որի շրջանակներում Հայաստանում նման սեմինար քննարկումներ հաճախ են կազմակերպվում՝ ամենատարբեր ոլորտների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն ու ՏՄՊՊՀ կիրարկման կարողությունների հզորացումն է:

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, ֆինանսավորման ընդհանուր չափը կազմում է 1.1 միլիոն եվրո: