2 մարտի 2012 - 10:30 AMT
«Հայկական ժամանակ». Տիգրան Վարյանի դիակի վրա առկա են եղել բռնության, խոշտանգման հետքեր

Երեկ Երևանում տեղի է ունեցել նախօրեին ԼՂՀ-ում զոհված 19-ամյա զինծառայող Տիգրան Վարյանի դիահերձումը: Վարյանի մահվան փաստի առիթով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Դիահերձմանը մասնակցել է Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Ավելի ուշ նա թերթին հայտնել է, որ Տիգրան Վարյանի դիակի վրա առկա են եղել բռնության, խոշտանգման հետքեր` քթարմատին, բերանի շրջանում սալջարդեր և քերծվածքներ, ծնոտի դիմային գծի ներքևի հատվածում, հրազենային վերքից մի քանի սանտիմետր ներքև` երկարավուն կապտուկ:

Փորձագետի տպավորությամբ, զինծառայողը, ըստ երևույթին, դիմադրել է մի քանի հոգու, մի քանիսը պահել են նրան, իսկ մեկը` կրակել: Ռուբեն Մարտիրոսյանը սպանված զինվորի դիակի զննությունից ստացած տպավորությունից ելնելով, նրա մահը գնահատել է որպես դիտավորյալ սպանություն ու նշել, որ ակնհայտ է` վերքերը զինծառայողը ստացել է մահվանից մի քանի րոպե առաջ: Պարզվում է նաև, որ Վարյանը ծառայում էր «Եղնիկներ» տխրահռչակ զորամասում, որն իսկական կառափնարան է դարձել մեր զինվորների համար: