2 մարտի 2012 - 11:16 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» դրամական փոխանցումների 20 տոկոս աճ է ակնկալում 2012թ.

Չնայած 2011թ. արձանագրված դրամական փոխանցումների ծավալների որոշակի անկմանը՝ այս տարի մենք 20 տոկոս աճ ենք ակնկալում, գտնում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: «Անցած մի քանի տարիներին ճգնաժամի պատճառով Հայաստանի բանկային համակարգում դրամական փոխանցումների զգալի անկում է նկատվում: Դա բացատրվում է երկու հիմնական գործոններով՝ առաջինը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, երկրորդը՝ կոշտ մրցակցություն բանկերի միջև»,-ասել է նա:

Ըստ նրա, այսօր գրեթե բոլոր բանկերը հաճախորդներին միջազգային դրամական փոխանցումների ծառայություն են առաջարկում:

«Շուկան գերհագեցած է առաջարկություններով, ուստի պահանջարկը նվազում է: Նման իրավիճակ էր նաև 2011թ. մեր բանկում:

2010թ. արդյունքների համեմատ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը դրամական փոխանցումների տարբեր համակարգերի միջոցով նվազել էր 20 տոկոսով՝ կազմելով 5 մլրդ դրամ՝ 2010թ. 6 մլրդ 200 մլն դրամի դիմաց: Նման պատկեր է նաև իրավաբանական անձանց փոխանցումների հարցում՝ անկումը 11 տոկոս է: Փոխանցումների ծավալների ընդհանուր կրճատման դեպքում առանձին վերցրած բանկերի համար, 2011թ. այնուամենայնիվ դրական դինամիկա կա ընդհանուր առմամբ բանկային համակարգով դրամական փոխանցումների ծավալների ավելացման դրական դինամիկա ընդհանուր առմամբ բանկային համակարգում՝ մոտ 11-15 տոկոսով: «Իրավիճակի բարելավումը հույս է տալիս, որ մոտ 20 տոկոսի աճ կարելի է ակնկալել 2012թ.»,-ասել է նա:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» միջազգայի դրամական փոխանցումներ է կատարում «БЫСТРАЯ ПОЧТА», «MIGOM», «CONTACT» և «MONEYGRAM», «BLIZKO» համակարգերով: Բացի այդ, բանկն անվանական փոխանցումներ է կատարում Ռուսաստանից Հայաստան առանց «Գազպրոմ-Էքսպրես» հաշիվ բացելու: Առաջիկայում բանկը մտադիր է միանալ ANELIK և UNISTREAM համակարգերին: Բանակցություններ են ընթանում ևս մեկ վճարային համակարգի հետ, որը վերահսկում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում փոխանցումներրի 50 տոկոսը:

Ըստ բանկի մամլո ծառայության տեղեկատվության, 2011թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» 272,5 մլրդ դրամ ընդհանուր գումարի փոխանցումներ է կատարել, որից առանց հաշիվ բացելու փոխանցումները կազմում են 5 մլրդ դրամ և S.W.I.F.T. համակարգով՝ 267,5 մլրդ դրամ