2 մարտի 2012 - 11:54 AMT
Եվրամիությունը նախանշել է դեպի Եվրոպա կասպիական գազի առաքման շուրջ բանակցությունների ժամկետները

Դեպի Եվրոպա կասպիական գազի առաքման շուրջ բանակցությունների հերթական փուլը Ադրբեջանի, Թուրքմենստանի ու ԵՄ միջև կսկսվի մարտի սկզբին, հայտնել են Եվրահանձնաժողովի էներգետիկայի բաժնում: «Հաջորդ հանդիպումը տեղի կունենա տեխնիկական մակարդակով մարտի սկզբին»,- Trend-ին է հայտնել Նիկոլ Բոկստալլերը, որը ԵՄ էներգետիկայի գծով հանձնակատար Գյունտեր Օտտինգերի մամլո ներկայացուցիչն է: Ըստ նրա, բանակցություններն Ադրբեջանի ու Թուրքմենստանի հետ գնում են «ամբողջ թափով»: «Հանձնակատարը հուսով է, որ կասպից գազի մասին համաձայնագիրը կկնքվի մոտ ապագայում»,-ասել է Բոկստալլերը:

Ադրբեջանը, Թուրքմենստանն ու ԵՄ-ն քաղաքական փաստաթուղթ են պատրաստում «Հարավային գազային միջանցքի» օգտին, դա պետք է տեղի ունենա մինչև տարեվերջ: