2 մարտի 2012 - 12:59 AMT
Դևիդ Սիսլինը ԱՄՆ Կոնգրեսում արծարծել է Թուրքիայում եկեղեցական գույքի պաշտպանության հարցը

Ամերիկացի կոնգրեսական, դեմոկրատ Դևիդ Սիսլինը ԱՄՆ 2013թ. ֆինանասական տարվա բյուջեի լսումների ժամանակ ԱՄՆ Կոնգրեսում անդրադարձել է հայ-ամերիկյան ընկերակցությանը հուզող հարցերին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ):

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված հարցաշարում Սիսլինն անդրադարձել է անցյալ տարի ընդունված օրինագծին Թուրքիայում եկեցեղական գույքի պաշտպանության, ինչպես նաև կրոնական խտրականության դեմ պայքարի ուժեղացման վերաբերյալ: Սիսլինն ասել է, որ իր նամակները կներկայացնի գրավոր տեսքով:

Կոնգրեսականն անդրադարձել է նաև սումգայիթյան ջարդերի 24-ամյակին: «Մենք պետք է հիշենք զոհերին և երբեք չմոռանանք մեր պատասխանատվության մասին»,-ասել է նա:

Նախորդ տարի Դևիդ Սիսլինը միացավ կոնգրեսականներ Հովարդ Բերմանին ու Էդ Ռոյսին, որոնք ներկայացրել են թիվ 306 բանաձևը «Եկեղեցիները վերադարձնելու մասին», որով կոչ է արվում Թուրքիային դադարեցնել խտրականությունը քրիստոնյա բնակչության հանդեպ: Բանաձևին արդեն սատարում է 31 կոնգրեսական: Բերմանը նաև 304 բանաձևի կողմնակից է Հայոց ցեղասպանության մասին, որն օրերս նույնպես ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ:

Բանաձևի հեղինակները կոչ են անում Անկարային վերադարձնել հայերից, հույներից, ասորիներից, պոնոտսցի հույներից, արամեացիներից առգրավված եկեղեցիները: