5 մարտի 2012 - 14:25 AMT
Հովհաննես Սահակյան. ՀՀԿ-ն շուրջ 30 պատգամավորների կառաջադրի մեծամասնական ընտրատարածքներում

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հերքել է լուրերն այն մասին, որ կոալիցիոն կուսակցությունների միջև պայմանավորվածություն կա ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրատարածքները բաժանելու մասին: ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ կոալիցիոն կուսակցությունները պայմանավորվել են, որ ՀՀԿ-ին կհասնի 23 մեծամասնականի մանդատ, ԲՀԿ-ին՝ 7, իսկ ՕԵԿ-ին՝ 2:

Ըստ Սահակյանի, այժմ կուսակցությունում համամասնական ընտրացուցակի կազմավորման հետ մեկտեղ քննարկվում է նաև մեծամասնականով մասնակցողների քանակը, այդ թիվը կախված կլինի միայն կուսակցության հնարավորություններից ու հաջողության շանսից: «Գնահատելով մեր ուժերը՝ այն ընտրատարածքները, որտեղ մենք պատգամավորներ ունենք ու որտեղ ուժեղ են մեր տարածքային կառույցները, այսինքն հանրության աջակցությունն են վայելում, կարծում եմ, մենք կառաջադրենք 30 կամ ավելի թեկնածուների»,-հայտարարել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին՝ հավելելով, որ այդ հարցը դեռ վերջնականորեն որոշված չէ:

Սահակյանը նշել է, որ դա լուրջ թիվ է, որը վկայում է լուրջ հասարակական աջակցության մասին: