5 մարտի 2012 - 14:32 AMT
Էգեմեն Բաղիշ. Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը կարող է միանալ Թուրքիային

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը կարող է միանալ Թուրքիային: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ գծով նախարար Էգեմեն Բաղիշը:

Բաղիշը հանդես է եկել կոնկրետ հայտարարությամբ հունական Կիպրոսի հասցեին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հիմնական խոչընդոտի՝ Կիպրոսի հարցի վերաբերյալ: Նա ասել է, որ քննարկվում են բոլոր տարբերակները, այդ թվում նաև Թուրքիային Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության միանալու հնարավորությունը:

«Քննարկվում են բոլոր տարբերակները: Կիպրոսի հարցը կարելի է լուծել կիսելով և երկու պետությունների վերածելով կամ էլ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը միացնելով Թուրքիային: Սակայն, մենք հուսով ենք, որ Կիպրոսում հնարավոր կլինի միավորել երկու պետությունները մեկ միասնական երկրի մեջ ու գոյակցել խաղաղ պայմաններում: Միավորում կարող է տեղի ունենալ և չունենալ: Թուրքիայի համար գերակա է քաղաքական հավասարությունը կղզում»,-ասել է նա Հյուսիսային Կիպրոսում հրատարակվող «Կիպրոս» թերթին տված հարցազրույցում: