5 մարտի 2012 - 15:47 AMT
Կարեն Նազարյանը ՄԱԿ-ի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կեղծ հայտարարությունների վրա

Համաձայն Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության, դեսպան Կարեն Նազարյանը 2012 թվականի փետրվարի 24-ին նամակ է հղել Գլխավոր քարտուղարին , ուր մանավորապես ասվում է. «Ափսոսանքով նշում եմ, որ 1992 թվականին Խոջալու գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին նախաձեռնել և տարածել է կեղծ ապատեղեկատվություն, որը մոլորության մեջ է գցում: Այդ պատվիրակությունը բազմիցս հանդես է եկել հակահայկական քարոզչությամբ և նշված դեպքերի կապակցությամբ կեղծ հայտարարություններ է արել ադրբեջանական իշխանությունների անունից:

Միանգամայն տեղին կլիներ հիշեցնել այն մասին, որ միջազգային հանրությունը, այդ թվում` մարդու իրավունքների Եվրապական դատարանը և բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել ազատ արձակել ադրբեջանական այն լրագրողներին և իրավապաշտպաններին, ովքեր կասկածանքով են վերաբերվել Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի կառավարության վարկածին:

Հայաստանը հավաստում է իր դիրքորոշումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների առաջընթացը, ամեն ինչից բացի, կախված է հանդուրժողականությունից և ատելության խորացմանն ուղղված քարոզչության բացառումից: Այդ տեսակետից ադրբեջանական նախաձեռնությունը ոչ մի լավ բան չի խոստանում:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը խնդրել է Գլխավոր քարտուղարին տարածել իր նամակը և նրան կից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի նամակի` որպես Գլխավոր ասամբլեայի օրակարգի 35-րդ և 39-րդ կետերի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ և որպես Անվտանգության խորհրդի փաստաթղթեր»: