Պաշտպանության նախարարն ու վարչապետը զինվորներին ներկայացրել են ԶՈՒ կրթական ծրագրերը

Պաշտպանության նախարարն ու վարչապետը զինվորներին ներկայացրել են ԶՈՒ կրթական ծրագրերը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ հանդիպել է Երևանի զորամասերից մեկի զինծառայողներին՝ ներկայացրել զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը:

Վերջինիս նպատակը զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների և առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումն է՝ ՀՀ բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

«Մենք պետք է օգնենք ձեզ զինծառայության ընթացքում կողմնորոշվել կրթության և մասնագիտացման հարցում: Մինչ զորացրվելը պետք է կարողանանք ձեզ հետ միասին հստակեցնել, թե ինչով եք ցանկանում զբաղվել բանակից հետո: Պետությունը կանգնելու է այն զինծառայողների կողքին, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ՝ ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու համար»,- ասել է վարչապետը:

Բուհ ընդունվելու կրթական նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով զինծառայողներին են կցվելու Հայկական պետական մանկավարժական համալսարանի և 6 այլ բուհերի 172 ասպիրանտներ, մագիստրոսներ և երիտասարդ դասախոսներ: «Մեր նպատակն է, որպեսզի իր զավակին բանակ ուղարկող ցանկացած ընտանիք վստահ լինի, որ պետությունը ոչ միայն զինծառայության նորմալ պայմանների ստեղծման, այլև նրանց երեխաների կրթական կարիքների բավարարման պարտավորություն է ստանձնում: Եթե դուք ցանկանում եք հստակ աշխատանք, և դրա համար անհրաժեշտ է լինելու կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, ապա պետությունը կրկին կլինի ձեր կողքին և կօգնի նաև այդ հարցում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Կրթական ծրագիրն առայժմ կրում է պիլոտային բնույթ և դեռևս կիրականացվի հանրապետության երկու զորամասերում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---