6 մարտի 2012 - 12:00 AMT
Վաղը Մեծ Բրիտանիայի դեսպանին կհանձնվի Անահիտի արձանը Երևան վերադարձնելու ուղերձը

Մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպելու է Անահիտ աստվածուհու արձանի բեկորները Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Մեծ Բրիտանիայի դեսպաններին կփոխանցի Անահիտ դիցուհու արձանը հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը և հիմնադրամի նախաձեռնությանը միացած երիտասարդների ստորագրությունները։

Նախաձեռնությանը կմիանա նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փետրվարի 20-27-ը կազմակերպել էր ստորագրահավաք։ Մայրաքաղաքից և հանրապետության տասը մարզերից շուրջ 20 հազար երիտասարդներ միացել են Մեծ Բրիտանիայի դեսպաններին հղված ուղերձին, որում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս հայկական մշակութային և պատմական արժեքները հայրենիք վերադարձնելու նախաձեռնությամբ։ Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում և ցուցադրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և ձեռքերը։

Մենք կոչ ենք անում Հայաստանին վերադարձնել մշակութային այդ հուշարձանը, քանի որ արվեստի և պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են և որի պատմության կրողներն են»։

Ուղերձի տեքստը և ստորագրությունների պատճենները կուղարկվեն նաև Բրիտանական թանգարան։