6 մարտի 2012 - 16:45 AMT
ԿԱՐԾԻՔ
«Արմավիա». Գործադո՞ւլ, թե ֆինանսական խնդիրները քողարկելու փորձ

Այսօր առավոտյան «Արմավիա» ավիաընկերության Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթները անհասկանալի կերպով հետաձգվել են, իսկ ուղևորներին հայտնել են, թե «գործադուլ է»: Քիչ անց ավիաընկերության մամլո խոսնակն էլ հանդես եկավ հայտարարությամբ, թե իրենք անժամկետ գործադուլ են հայտարարում՝ մինչև «Զվարթնոց» օդանավակայանը չփոխի գնային քաղաքականությունը:

«Զվարթնոցի» պատասխանը, իհարկե, չուշացավ. «Մեր ընկերությունը բացասական է գնահատում Արմավիա ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները և ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում»:

Օդանավակայանի լրատվական ծառայությունից նաև տեղեկացրեցին, որ ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:

Դրանից հետո արդեն ռուսական ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկատվություն, ըստ որի «Ռոսավիացիան» թույլ է տվել «Արմավիային» թռիչքներ կատարել Ռուսաստան մինչև մարտի 20-ը: «Ռոսավիացիայում» նշել են, որ մարտի 6-ին իրենք երաշխիքային նամակ են ստացել «Արմավիայից» ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 178 հազար դոլարի պարտքը մինչև 2012թ. մարտի 20-ը մարելու խոստումով:

Վերջին տեղեկատվության հրապարակումից ընդամենը կես ժամ անց «Արմավիան» վերսկսում է չվերթների սպասարկումը, և այդ մասին հայտնում է ոչ թե ավիաընկերությունը, այլ օդանավակայանը:

Ի՞նչ է ստացվում. ընկերությունը ոչ մի գործադուլ էլ չէր անում ու ոչ մի թռիչք էլ չէր հետաձգել: Պարզապես «Արմավիային» արգելել էին մտնել Ռուսաստանի օդային տարածք: Ընկերությունն էլ որոշել էր «առիթից օգտվել» ու թռիչքների հետաձգման անունն էլ դնել գործադուլ. մեկ էլ տեսար «Զվարթնոցը» «կուտը կերավ» ու սակագները իջացրեց, իսկ դա ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ավիաընկերությանը հիմա օդ ու ջրի պես է անհրաժեշտ:

Անցյալ շաբաթ «Արմավիայի» հետ կապված ևս մեկ զավեշտալի դեպք գրանցվեց: Մարտի 2-ի երեկոյան ավիաընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով 20 տոկոս զեղչ բոլոր ուղղություններով տոմսերի համար: Սակայն հենց հաջորդ առավոտյան զեղչը հանվել էր: Այո՛, ավիաընկերությունը խնդիրներ ունի և, ըստ երևույթին, ոչ միայն ֆինանասական, այլ նաև կազմակերպչական:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News