6 մարտի 2012 - 18:58 AMT
Էդուարդ Շարմազանով. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

Մարտի 6-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը և Արա Նռանյանը ՀՅԴ խմբակցությունից:

Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջև:

Էդուարդ Շարմազանովը Սեյմի նախագահի հետ զրույցում շնորհավորել է վերջինիս մարտի 11-ին Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման կապակցությամբ: Լիտվական կողմը կարևորել է Հայաստանում ընտրական գործընթացների ժողովրդավարական լինելը, իսկ հայկական պատվիրակությունը, իր հերթին, նշել է, որ Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ, արդար և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Լիտվական կողմը` որպես ԵՄ անդամ երկիր, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանին եվրոպական չափանիշներին էլ ավելի համապատասխանելու հարցում:

Խորհրդարանականները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլը: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է հակամարտության կարգավորումը` հայտնի սկզբունքների հիման վրա և հավելել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,-եզրափակել է Էդուարդ Շարմազանովը: