Միջազգային հանրությունը պետք է գնահատական տա հայերի առնչությամբ Բաքվի հայտարարություններին

Միջազգային հանրությունը պետք է գնահատական տա հայերի առնչությամբ Բաքվի հայտարարություններին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-իգլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պարբերական հանդիպումները լավ առիթ են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության բոլոր ոլորտների շուրջ մտքեր փոխանակելու, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր քննարկելու համար:

«Հայաստանն ակտիվ համագործակ¬ցում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության բոլոր բնագավառներում: Այս առումով արձանագրեցինք, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագիրը շարունակում է մնալ մեր գործընկե¬րային հարաբերությունների անկյունաքարը: Անցյալ տարվա նոյեմբերին մենք հաստատել ենք այդ ծրագրի երրորդ փուլի մեր անելիքները և ձեռնամուխ եղել նրա նպատակների իրականացմանը»,- ասել է ՀՀ նախագահը:

«Մենք գիտակցում ենք, որ արդի սպառնալիքներն ու մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միմիայն հավաքական ջանքերի շնորհիվ: Այդ իսկ նպատակով, մենք անցյալ տարվա ամռանը եռապատկեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում մասնակցող հայկական զորախմբի թվաքանակը»,- հայտնել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության «կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ադրբեջանը կտրականապես մերժում է վստահության կառուցման ցանկացած առաջարկ` ուղղված լինի դա թե՛ տարածաշրջանային համագործակցության խթանմանը, թե՛ շփման գծում լարվածության թուլացմանը: Օրինակ, Ադրբեջանը, ցավոք, դեմ է դիպուկահարների հետքաշմանը առաջին գծից, դեմ է միջադեպերի հետաքննությանը: Ավելին, ոչ մի րոպե չեն դադարել Ադրբեջանի կողմից պատերազմի կոչերը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը: Ադրբեջանի նախագահը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ադրբեջանցիների թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Այս հանգամանքը պետք է արժանանա միջազգային հանրության գնահատականին»,- ընդգծել է Սարգսյանը:

ՀՀ նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համամիտ են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով և բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Վերջում ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---